ԾՐԱԳՐԵՐ

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

Սևանա լիճը Հայաստանի ջրային հաշվեկշռում բացառիկ տեղ է գրավում: Մինչև լճի մակարդակի արհեստական իջեցումը այստեղ էր կուտակված հանրապետության ջրային պաշարների ավելի քան 80 տոկոսը, որը 5 անգամ ավելի է հանրապետության մակերևութային ջրային հոսքից և մոտ 35 անգամ ավելի է մնացած ջրամբարներում կուտակված ջրային պաշարներից:


Սևանա լիճը իր եզակի ու հարուստ ֆլորայով և ֆաունայով արժևորվում է հանրապետության կենսաբազմազանության համակարգում, իսկ կենսապաշարները, մասնավորապես ձկնային պաշարները, կարևոր տեղ են գրավել մարզի և հանրապետության բնակչության սննդաբաժնում:

Սևանա լիճն իր ջրային պաշարներով և ձկնապաշարներով ունի կարևոր ռազմավարական նշանակություն ոչ միայն Հայաստանի այլ նաև տարածաշրջանի համար:

Սկսած 1930-ական թվականներից Սևանա լճի ջրի ինտենսիվ և ոչ հաշվենկատ օգտագործման հետևանքով խախտվել է լճի էկոհամակարգի հավասարակշռությունը՝ խաթարելով ջրակենսաբանական պրոցեսները և ամբողջ էկոհամակարգը: Ջրի մակարդակի իջեցումը հանգեցրել է իշխանի երկու ենթատեսակների` ձմեռային իշխանի և բոջակի բնական ձվադրավայրերի ոչնչացմանը, ինչի արդյունքում այս էնդեմիկ ձկնատեսակները իսպառ ոչնչացել են, իսկ ամառայինն ու գեղարքունի իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ:

Չնայած սկսած 1980-ական թվականներից մինչև այժմ իրականցվում են մի շարք միջոցառումներ, սակայն լճի էկոհամակարգը դեռևս անկայուն վիճակում է:  Պատճառը ջրհավաք ավազան թափվող կեղտաջրերը, կենցաղային և արտադրական թափոնները և ոչ կետային աղտոտվածություններն են: Այս առումով «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագրի շրջանակներում՝ Հիմնադրամը նպատակ ունի լուծել Սևանա լճի վերոնշյալ բնապահպանական խնդիրները տարբեր բնապահպանական միջոցառումների միջոցով: Անհրաժեշտ ֆինանսական միջոցները կգոյանան Հիմնադրամի կողմից ստեղծված ընկերությունների շահույթից, ինչպես նաև լճում տեղակայված տնտեսությունների կողմից յուրաքանչյուր մեկ կիլոգրամ ձկան վաճառքից  200  դրամ Հիմնադրամին փոխանցվող վճարներից:

Արդյունքում` պարբերաբար իրականացվող բնապահպանական  միջոցառումները կնպաստեն լճի ջրի որակի աստիճանական լավացմանը և էկոհամակարգի հավասարակշռության վերականգնմանը:

ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Սևանի իշխանը Հայաստանի համար էնդեմիկ և բազմաձև ձկնատեսակ է, որը նախկինում ներկայացված էր 4 ենթատեսակներով՝ ամառային իշխան, գեղարքունի, ձմեռային իշխան և բոջակ: Նրանք բոլորն էլ բնակվում էին միայն Սևանա լճում և դարեր շարունակ հանդիսանում էին բնակչության բարձրորակ սպիտակուցային սննդի աղբյուր: Ներկայում բնական պայմաններում քիչ քանակությամբ պահպանվել են միայն գեղարքունին և ամառային իշխանը, իսկ ձմեռային իշխանն ու բոջակը իսպառ վերացել են: 

ավելին