Սևանի իշխանը Հայաստանի համար էնդեմիկ և բազմաձև ձկնատեսակ է, որը նախկինում ներկայացված էր 4 ենթատեսակներով՝ ամառային իշխան, գեղարքունի, ձմեռային իշխան և բոջակ: Նրանք բոլորն էլ բնակվում էին միայն Սևանա լճում և դարեր շարունակ հանդիսանում էին բնակչության բարձրորակ սպիտակուցային սննդի աղբյուր: Ներկայում բնական պայմաններում քիչ քանակությամբ պահպանվել են միայն գեղարքունին և ամառային իշխանը, իսկ ձմեռային իշխանն ու բոջակը իսպառ վերացել են: Ելնելով դրանից, Սևանի իշխանի չորս ենթատեսակներն էլ գրանցվել են Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում, ինչը ենթադրում է առաջանահերթ միջոցառումների իրականացում Սևանա լճում տեսակի պահպանման և պաշարների համալրման համար:
Հարկ է նշել նաև, որ ներկայում Սևանա լճի ձկնային պաշարները խիստ նվազել են՝ 30 000 տոննայից հասնելով ընդամենը 300 տոննայի: Հատկապես տուժել են Սևանա լճում կլիմավարժված և վերջին տասնամյակների ընթացքում հիմնական որսաձուկ հանդիսացող սիգի պաշարները, իսկ մյուս երկու տեղաբնակ տեսակները՝ Սևանի կողակը և Սևանի բեղաձուկը, որպես վերացող ձկնատեսակներ, նույնպես ընդգրկվել են Կարմիր գրքում: Բացի այդ, լճի ձկնաշխարհի կազմում ի հայտ են եկել նոր, տնտեսապես ոչ արժեքավոր ձկնատեսակներ՝ արծաթափայլ կարասը, ամուրյան նրբաձկնիկը, արևելյան տառեխիկը: Այդ ձկնատեսակները, որոնք Սևանա լճում չունեն իրենց քանակը կարգավորող այնպիսի գիշատիչ, ինչպիսին իշխանն է, կարող են կարճ ժամանակահատվածում արագորեն բազմանալ ու անդառնալի վնաս հասցնել լճի էկոհամարգին: |
Այսպիսով, Սևանի իշխանի պահպանումը և պաշարների վերականգնումը կարող է նպաստել ինչպես Սևանա լճի էկոհամակարգի վերականգմանը, այնպես էլ բարձրորակ սննդի աղբյուր հանդիսանալ բնակչության համար: Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի առաջնային նպատակներից մեկն է` համակարգել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման գործընթացը: Այս նպատակի իրականացման համար կարևորագույն օղակներից մեկն է Սևանա լճի մերձակայքում` Կարճաղբյուր համայնքի տարածքում, կառուցվող մանրաձկան գործարանը, որն իր արտադրողականությամբ մի քանի անգամ կգերազանցի ԽՍՀՄ տարիներին Սևանա լճի ավազանում գործող չորս մանրաձկան գործարանների արտադրողականությունը: Յուրաքանչյուր տարի հիմնադրամը այս տնտեսությունից ձեռք կբերի իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձուկ և բաց կթողնի լիճ:
Այս գործընթացի շնորհիվ լճում կհամալրվի էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի և ամառային ենթատեսակների իշխանի պաշարները, կբարելավվեն իշխանի համար ձվադրավայր հանդիսացող գետերի էկոլոգիական վիճակը, որը կնպաստի իշխանի բնական վերարտադրությանը և պոպուլյացիաների ձևավորմանը:
Սևանա լիճը Հայաստանի ջրային հաշվեկշռում բացառիկ տեղ է գրավում: Մինչև լճի մակարդակի արհեստական իջեցումը այստեղ էր կուտակված հանրապետության ջրային պաշարների ավելի քան 80 տոկոսը, որը 5 անգամ ավելի է հանրապետության մակերևութային ջրային հոսքից և մոտ 35 անգամ ավելի է մնացած ջրամբարներում կուտակված ջրային պաշարներից:
ավելին
Սևանա լիճը Հայաստանի ջրային հաշվեկշռում բացառիկ տեղ է գրավում: Մինչև լճի մակարդակի արհեստական իջեցումը այստեղ էր կուտակված հանրապետության ջրային պաշարների ավելի քան 80 տոկոսը, որը 5 անգամ ավելի է հանրապետության մակերևութային ջրային հոսքից և մոտ 35 անգամ ավելի է մնացած ջրամբարներում կուտակված ջրային պաշարներից:
Սևանա լիճն իր ջրային պաշարներով և ձկնապաշարներով ունի կարևոր ռազմավարական նշանակություն ոչ միայն Հայաստանի այլ նաև տարածաշրջանի համար: |
Սկսած 1930-ական թվականներից Սևանա լճի ջրի ինտենսիվ և ոչ հաշվենկատ օգտագործման հետևանքով խախտվել է լճի էկոհամակարգի հավասարակշռությունը՝ խաթարելով ջրակենսաբանական պրոցեսները և ամբողջ էկոհամակարգը: Ջրի մակարդակի իջեցումը հանգեցրել է իշխանի երկու ենթատեսակների` ձմեռային իշխանի և բոջակի բնական ձվադրավայրերի ոչնչացմանը, ինչի արդյունքում այս էնդեմիկ ձկնատեսակները իսպառ ոչնչացել են, իսկ ամառայինն ու գեղարքունի իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ:
Չնայած սկսած 1980-ական թվականներից մինչև այժմ իրականցվում են մի շարք միջոցառումներ, սակայն լճի էկոհամակարգը դեռևս անկայուն վիճակում է: Պատճառը ջրհավաք ավազան թափվող կեղտաջրերը, կենցաղային և արտադրական թափոնները և ոչ կետային աղտոտվածություններն են: Այս առումով «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագրի շրջանակներում՝ Հիմնադրամը նպատակ ունի լուծել Սևանա լճի վերոնշյալ բնապահպանական խնդիրները տարբեր բնապահպանական միջոցառումների միջոցով: Անհրաժեշտ ֆինանսական միջոցները կգոյանան Հիմնադրամի կողմից ստեղծված ընկերությունների շահույթից, ինչպես նաև լճում տեղակայված տնտեսությունների կողմից յուրաքանչյուր մեկ կիլոգրամ ձկան վաճառքից 200 դրամ Հիմնադրամին փոխանցվող վճարներից:
Արդյունքում` պարբերաբար իրականացվող բնապահպանական միջոցառումները կնպաստեն լճի ջրի որակի աստիճանական լավացմանը և էկոհամակարգի հավասարակշռության վերականգնմանը: